Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը… Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», – ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Լուրեր էին շրջանառվում, որ Իսրայելը  աստղաբաշխական գլխագին էր խոստացել՝ Մոհսեն Ֆահրիզադեին ոչնչացնելու համար: