Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի, շահագործողը լինելու է հանքի տերը. Տիրան Խաչատրյան

Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, հայկական զինված ուժերը և այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինի, որը և իրականացվել է. tert.am-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նրա խոսքով`Սոթքի տարածաշրջանում ռուսական կազմակերպության կողմից շահագործվող ոսկու հանքի տարածքից տեսանյութեր են տարածվել, որ ադրբեջանիցները անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, և ասել են՝ ձեզ մեկ ժամ ենք տալիս, որ լքեք տարածքը: Սակայն, Տիրան Խաչատրյանի հավաստմամբ, այդպիսի հարցեր չեն առաջացել, թյուրիմացությունը կապված է նրա հետ, որ պետական սահմանը Սոթքի հանքի հատվածում տեղաբաշխված է գրեթե կենտրոնական մասով և այս տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից ձեռնարկվել են անվտանգային միջոցառումներ՝ տարածքի պաշտպանության համար:

«Պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ և սա կատարվել է ռուսական կողմի ուժերով՝ իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակով: Մեր զորքերը այդ անվտանգության գոտու պաշտպանության խնդիրներ իրականացնելու խնդիր չեն ունեցել: Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով այդ արգելափակոցներին, խնդիր են բարձրացրել, որ սա իրենց տարածքն է:

Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցություններ, որից հետո՝ չգիտեմ, թե ինչ համաձայնություն են ձեռք բերել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- նշեց նա: