Ադրբեջանցիներն ու թուրքերն արդեն պղծել էին Հուդայի հանձնած Դադիվանք սրբավայրը, եթե չլինեին Գարեգին Բ-ի, Կիրիլ պատրիարքի ու Պուտինի ջանքերը (տեսանյութ)

Դադիվանքը սովորական վանք կամ վանական համալիր չէ… Արցախի հյուսիսում, Քարվաճառ շրջկենտրոնից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Դադիվանք գյուղում (Շահումյանի շրջան), Դադիվան լեռան անտառապատ լանջին, Թարթառ գետի ձախ ափին գտնվող հայկական առաքելական այս միջնադարյան վանական համալիրն աշխարհի քրիստոնեական կարևոր սրբավայրերից մեկն է, թեև այդ մասին բոլորը չէ, որ գիտեն:

Բավական է միայն ասել, որ 2007 թվականին հաստատվել է ավանդությունը, ըստ որի, Դադիվանքը հիմնադրվել է սուրբ Թադեոս առաքյալի հետևորդ և աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված սուրբ Դադիի գերեզմանի տեղում: Որոշ աղբյուրների համաձայն, Արցախում քրիստոնեություն քարոզած սուրբ Դադին Թադեոս առաքյալի աշակերտը լինելուց բացի, եղել է նաև Հիսուս Քրիստոսի 70 (ըստ այլ աղբյուրների, 72) աշակերտներից մեկը:

Արցախի հնագույն վանական համալիրներից մեկը` Դադիվանքը, հիմնադրվել է 1-ին դարում և իր անվանումը ստացել է այն վայրից (Սուրբ Դադիի գերեզմանատեղի), որտեղ կառուցվել է: Հետագայում, Ter-hambardzum.net կայքի տեղեկացմամբ, «Դադիվանքը վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը»: Դադիվանքը, որը պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը, կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի (բլրակի) վրա։

Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին կաթողիկեն, Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը կառուցել է 1234 թ՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։ ներսում պահպանվել են 13-րդ դարի որմնանկարներ: Կաթողիկեի արևմտյան կողմում սյունասրահն է՝ կից զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. երկու բարձրարվեստ, նրբագեղ խաչքարեր: Կաթողիկեի հյուսիսարևմտյան կողմում Սուրբ Դադի եկեղեցին է (10-11 դդ.)՝ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.), իսկ հարավային կողմում՝ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր եկեղեցին (13-րդ դ.):

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում, 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սուրբ Դադի առաքյալի մասունքները:

Ահա թե քրիստոնեական ինչ կարևոր սրբավայր էր ընկնելու ադրբեջանցիների ձեռքը, անցնելու նրանց տեր ու տնօրինությանը` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայերիս համար ոչ միայն կապիտուլյացիոն, այլև դավաճանական հայտարարության համաձայն, եթե Դադիվանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, նույնիսկ թշնամու կողմից նահատակվելուն պատրաստ լինելով, վճռականորեն չհայտարարեր, որ ոչ մի դեպքում չի թողնելու Դադիվանքը ու չի հեռանալու այնտեղից, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անձամբ չխնդրեր համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին` ինչ-որ ձևով լուծել Դադիվանքի հարցն ու թույլ չտալ, որ այն անցնի Ադրբեջանին, և եթե Կիրիլ պատրիարքը նույն խնդրանքով չդիմեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ադրբեջանցիները հիմա, Նիկոլի շնորհիվ, Դադիվանքը նվազագույնը պղծել էին, ինչպես պղծեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, և մնալու էին անպատիժ: Բայց Փաշինյանի ի՞նչ հոգը կլիներ դա… Չե՞ք մոռացել, չէ՞, որ նրա որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը հայտնի աթեիստ` աստվածամերժ, աստվածամարտ է, Արայիկ Հարությունյանը, որը մինչև վերջերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հրապարակայնորեն հանդես եկավ սատանայապաշտական ռոք խմբի, Երևանում այդպիսի խմբերի համերգի իրավունքի պաշտպանությամբ:

Նաև չե՞ք մոռացել, չէ՞, որոշ հոգևորականների ծնկի բերելու վերաբերյալ Փաշինյանի ելույթը, նրա արբանյակների ու դրածոների վիրավորանքները, հարձակումները կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտադրությունը, որոշ հոգևորականների նկատմամբ հալածանքները: Ապա այս ամենը դիտարկեք, գնահատեք մի համատեքստում, և եթե անաչառ եք, ապա կհանգեք համապատասխան եզրակացության:

Վերոնշյալում ոչինչ պատահական չէ, հայրենասերի և քրիստոնյայի դիմակով, կեղծավորությամբ հանդես եկող Նիկոլ Փաշինյանն իրականում հակաքրիստոնյա է, ավելին` կարող է հավակնել Հայաստանում թերևս թիվ մեկ հակահայի տիտղոսին:

 

Արթուր Հովհաննիսյան