Զինվորները մնում են դպրոցներում, քնում են գետնին. Բողոքի ակցիա ՊՆ-ի մոտ

Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ: Նրանք ահազանգում են զինծառայողների խնդիրների մասին, մասնավորապես՝ կենցաղայինից սկսած մինչև արձակուրդ գնալու իրավունք:

«Զինծառայողի մայր եմ, տղաս ծառայել է Արցախում, Արալեռում որն արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իմ տղայի զորամասն այլևս չկա, այս մասին,- լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը:-

Արալեռի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս վայրերի զինծառայողներին մի կերպ հաջողվել է տանել, տեղակայել վայրերում, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Հիմա իմ տղան Մարտունիում է, իրենց լավագույն դեպքում տեղակայում են դպրոցներում:

Բնականաբար, դպրոցը հարմարեցված չէ զորամասին, և այնտեղ չեն կարող լինել անկողիններ: Լավագույն դեպքում իրենց կարող են տրամադրել քնապարկեր, ուրեմն՝ տրամաբանական է, որ երեխաները քնում են գետնին»,-ասաց նա:

Լուսինե Հարոյանը նշեց՝ ժամկետային զինծառայողներից շատերին հիմա տանում են դիրքեր փորելու, մարտական հերթապահության:

«Ըստ ստորագրված պայմանագրի՝ ռուսական զորքի տեղակայմանը զուգընթաց՝ պիտի հայկական զորքը դուրս բերվի, բայց, առայժմ, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հստակ պատասխան մեզ չեն տալիս: Անգամ չեն պատասխանում՝ զորքը դուրս բերվելո՞ւ է, թե՞ ոչ: Պատկերացրեք այդ երեխաների վիճակը. 18-20 տարեկան երեխաներ, դպրոցը նոր ավարտել, գնացել են, նրանք 44 օր անցել են դժոխքի միջով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ անհետ կորած, ժամկետային զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության  մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ որոնման աշխատանքների ընթացքի մասին:

Արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։