ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Այս մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց կառավարության նիստում: «Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա»,- ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։