Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ հարցին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։

ՏԿԵՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ, չնայած ՀՀ-ում հետպատերազմյան դժվար իրավիճակին, նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու  և զարգացնելու գործում։

Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների Կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։

Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։

Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ Կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։