Ինչ լավ է, որ Ավոն այս օրը չտեսավ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ավոյի ծնունդն է այսօր։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ երբ լսեցի, որ Ավոյի իսկական անունը Մոնթե է, զարմացա ու չհավատացի։ Հետո Հայրիկիս հարցրեցի, հաստատեց։ Մեզ համար նա միշտ Ավո է եղել։ Ու հիշում եմ, երբ իմացանք Ավոյի զոհվելու լուրը, որքան հուսահատվեցինք բակի երեխեքով։ Մտածում էինք՝ բա հիմա ի՞նչ է լինելու, մեր իմացած հերոսների մեծամասնությունն արդեն չկան, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել։ 93 թվականի ամառն էր…

Այն պատերազմում մենք հաղթեցինք։ Հիմա այսօր նստած ընկերներիս գրառումներն եմ կարդում, շատերը միտք են հայտնում՝ ինչ լավ է, որ Ավոն այս օրը չտեսավ։ Նույնը բազում մարդիկ Հայրիկիս մասին են ասում։ Պատկերացնու՞մ եք՝ ընկերներս, սովորական մարդիկ գալիս ու ինձ ասում են՝ ինչ լավ է, որ հայրդ այս օրը չտեսավ։ Ես էլ համաձայնվում եմ՝ լավ իմանալով, որ բոլորն էլ ամեն ինչ տեսնում են։ Հայրս էլ, Ավոն էլ… Բոլորը։ Տեսնում ու պահանջում են՝ արժանի լինել իրենց գործին, իրենց նվիրմանն ու իրենց անվանը։

Եկեք ինքներս մեզ չխաբենք, սիրելի ընկերներ։ Մենք պատասխան ունենք տալու։ Մեր ծնողներին էլ, զավակներին էլ։ Այո, հենց մենք՝ մեր սերունդը։ Ու միայն այդ դեպքում Ավոյի ծնունդը շնորհավորելու իրավունք կստանանք նորից։ Իսկ մինչ պատասխան տալը Ավոյի ծնունդի սեղանին մենք տեղ չունենք։ Ցավոք…

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։