«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Մոնթե

1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանություն վերապրած հայ ընտանիքում է  ծնվել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդում է  աշխարհի 41 երկրներում: Սակայն նրա կյանքի համար շրջադարձային եղավ  երկու կարևոր իրադարձություն, երբ տեղեկացավ ազգությամբ իր ով լինելու մասին և այցելեց իր պապերի երկիրը:

Հայկական ինքնության բացահայտումը եղավ այսպես. ուսուցչուհին Մոնթեին հարցնում է.

-Ի՞նչ ազգության ես:

– Ամերիկացի,- վրա է բերում Մոնթեն:

-Բայց  ամերիկացի լինելով հանդերձ՝ պետք է նաև ազգություն ունենաս,- ուսուցչուհու հետաքրքրասիրությունը շփոթեցնում է Մոնթեին: Շտապելով տուն՝ ծնողներին հարցնում է իր ազգային պատկանելության մասին, և ստանում պատասխանը.

-Հայ ես, որդիս:

Մոնթեն սկսում է ուսումնասիրել  հայ ժողովրդի պատմությունը. ովքե՞ր են հայերը, որտե՞ղ են ապրել իր պապերը: Ուսումնասիրում է 1915-ին հայերի դեմ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պատմությունը:

Եվ մեկ օր  ճանապարհը նրան տանում է Արևմտյան Հայաստան…

Հայ լինելը նաև կանխորոշում է Մոնթե Մելքոնյանի մասնագիտության ընտրությունը: Ընդունվում է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը: Ունենալով  բացառիկ ընդունակություններ, նա 4 տարվա ծրագիրը յուրացնում է երկուսուկես տարում: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978 թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։

1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն առաջին անգամ գալիս է  Հայաստան:  Երևանում սկսում է  աշխատել Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։

Արցախյան  ազգային ազատագրական պատերազմը սկսվել էր: Տեղեկանալով, որ  Շահումյանում լարված դրություն է, Մոնթեն թողնում է գիտական գործունեությունն ու  մեկնում Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ի դեպ, Արցախում նա ներկայանում է «Ավո» կեղծանվամբ: Մի քանի ծանր, դժվարին մարտերում նրա  ցուցաբերած խիզախությունները նկատելի են դառնում, անհավանականը հնարավոր դարձնելու նրա համարձակությունը ապշեցնում է  անգամ  խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ծնունդով ամերիկացի,  սակայն հայկական արմատներ ունեցող Մոնթեն դառնում է իր ազգի հավատարիմ զինվորն ու նվիրյալը։

Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Մոնթեն ղեկավարում է Մարտունու, Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկը Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։

Պատմում են, որ Մոնթեն բացի տաղանդավոր  զինվորական, հրամանատար  լինելուց, հրաշալի մարդ էր: Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար՝ սիրում էին Մոնթեին, նա հավասարի պես էր վարվում իր  զինվորների հետ: Մարտական ընկերներից մեկը՝ Սլավիկ Հայրապետյանը պատմում էր, թե Մոնթեն շրջում էր կարկատած հագուստով, իսկ նոր բաճկոնները բաժանում իր զինվորներին:  «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետև հագինը մաշված էր»։ Մոնթեն կտրուկ մերժում է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։

Լինելով մեծ խղճի տեր մարդ, նա պահանջում էր հատուկ ուշադրությամբ վերաբերվել  գերի ընկած թշնամու զինվորների հանդեպ:

1993 թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Սակայն Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելիորեն նրա դիմաց են դուրս գալիս թշնամու  ԲՄՊ-1 զրահամեքենան՝ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվում  է ու  կրակահերթ բացում: Եվ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթե Մելքոնյանը, մեր սիրելի Ավոն։ Նրա մահը մեծ ողբերգություն էր:

Դեռևս կենդանության օրոք Մոնթեն լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշը։

Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու,  ապա կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, հավատում էր հայ ժողովրդի հաղթանակին: Նա համոզված էր՝ առանց կռվի ոչինչ չի ստացվում թե՛ մարտադաշտում, թե՛ թիկունքում, ուրեմն որպեսզի հաղթենք, պետք է կռվենք:

Մոնթեի պատգամը՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,  երեկ ու առավել ևս այսօր հնչում է  որպես զգաստացման կոչ՝ ուղղված հայ ժողովրդին

Հայաստանի ու Արցախի ազգային ազատագրական պատմության մեջ հավերժ կմնա ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը:

Մոնթեի խոսքերից.

Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով:

Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են:

Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:

Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:

Եթե Սփյուռքում իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին եղել է, մենք երբեք հաղթանակ չենք տոնի: Եթե մենք շարունակենք վատնել մեր ռեսուրսներն ու եռանդը՝ մեր պատմական հայրենիքի վրա զինյալ ներկայություն ապահովելու փոխարեն, մենք բնավ հաղթանակի չենք հասնի:

Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։

Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին, զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց:

Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է: