Ստորագրման պահին Շուշիի համար կռիվ էր ընթանում, և դա ինձ համար անվիճելի փաստ է. Սեմյոն Պեգով

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է արցախյան պատերազմի մասին իր տպավորությունները:

Մասնավորապես խոսելով Շուշիի պաշտպանության մասին՝ Պեգովն ասել է. «Ինչ վերաբերում է Շուշիին, ապա այո, ես ասում և պնդում եմ, որ դա ավելի շատ քաղաքական որոշում էր, այն պարզ պատճառով, որ պայմանավորվածության ստորագրման պահին Շուշիում շարունակում էին մնալ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Պատասխանատվություն չեմ վերցնի ասելու, որ քաղաքն ամբողջովին գտնվում էր Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ, դժվար է դա պնդել, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներ էլ կային այնտեղ: Բայց ստորագրման պահին քաղաքի համար կռիվ էր ընթանում, և դա ինձ համար անվիճելի փաստ է: Ես դա գիտեի, որովհետև նախ զանգահարում էի առաջնագծի տղաներին, և երկրորդ, նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 5-ին, երբ ես եկա Շուշիից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձունք, այնտեղ կար 400 հոգի, որոնք պատրաստ էին գնալ Շուշին «մաքրելու»:

Այդ դիրքից կարելի էր նույնիսկ նկարահանել, թե որտեղ են գտնվում Արցախի պաշտպանության բանակի զինվորները: Զինվորների ամենաքիչը երկու խումբ, թիվը պատասխանատվություն չեմ վերցնի ասելու, գտնվում էին Շուշի քաղաքի տարածքում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես լիովին չէր վերահսկում քաղաքը: Ավելին, ինձ հայտնի է, որ նոյեմբերի 7-ին, երբ Ալիևը հայտարարեց Շուշիի գրավման մասին, այդ պահին քաղաքում գտնվում էին մի քանի դիվերսանտներ, որոնք իրոք կարողացել էին ներխուժել, զբաղեցնել որոշակի կետեր, այդ կետերից կրակ բացել ստորաբաժանումների, մեքենաների վրա:

Ինչ վերաբերում է հրամանատարներին. հիմա ես դժվար թե կարողանամ ազգանուններ նշել, գիտեմ, որ իրավիճակը լիովին վերահսկում էր Արցախի պաշտպանության նախարարը: Ես նրա հետ անձամբ չեմ շփվել, սակայն կապի մեջ եմ եղել նրա աշխատակիցներից մեկի հետ, և ինչպես ես եմ հասկանում, նա էլ ղեկավարում էր գործողությունները: Շուշիում էր նաև պաշտպանության փոխնախարարը: Նոյեմբերի 7-ին նա հաստատ Շուշիում էր: Իմ տեղեկությամբ՝ նոյեմբերի 7-ին քաղաքը «մաքրված» էր դիպուկահարներից:

Դրանից հետո մի շարք որոշումեր են ընդունվել, որոնք ըստ իս, ավելի շատ քաղաքական են, քան ռազմական: Ինձ համար հիմա դժվար է դատել ու գնահատել Հայաստանի ու Արցախի ղեկավարության որոշման ճշտությունը, որովհետև երևի միայն նրանք գիտեին, թե ինչքան պահուստ կար մարտական գործողությունները շարունակելու համար: Միգուցե ռեսուրսները վերջանում էին և իրավիճակը կարող էր էլ ավելի վատը դառնալ: Սրա վերաբերյալ ես արդեն հստակ բան չգիտեմ»:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: