Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։

Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։