Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Էրդողանի և Պուտինի միջև

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Էրդողանի և Պուտինի միջև. հայտնում է Կրեմլի կայքը:

«Մանրամասն և բոլոր առումներով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված համաձայնագրերի կատարման ընթացքը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգությունը: Շեշտվել է նաև փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային վայրերի պահպանման հետ կապված հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունը:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Երկուստեք նշվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը միտված որոշումների հետևողական և ամբողջական կատարման անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ: