Փոքրիկ մարդու էժան վրեժը․ Նաիրա Զոհրաբյան

Արցախի շրջանները հստակ ժամանակացույցով հանձնվում են թուրքին: Վաղվա գրաֆիկի մեջ Քարվաճառն է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի մուտքի` «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը: Վաղը Քարվաճառից Ադրբեջանը կողջունի Հայաստանի իշխանությանը։

Ռազմագերիների ծնողները խելագարվում են՝ ազերի տականքի տարածած տեսանյութերում տեսնելով իրենց զինվորին: Ռազմագերիների ծնողները ծեծում են բոլոր հնարավոր դռները՝ իրենց որդիներին վերադարձնելու համար:

Ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողները այսօր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից այլևս չունենալով որևէ ակնկալիք:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կործաներին փնտրման աշխատանքների կազմակերպման համար:

Թուրքին հանձնված Արցախի բնակավայրերի բնակիչները չեն հասցնում «տեղավորվել» Նիկոլի ու Ալիեւի սահմանած ժամանակացույցի մեջ, ու թուրքի վաստակների ստորացնող խրախճանքի տակ բեռնատարի վրա երեխայի սայլակն են բարձում:

Իրենց որդիներին փնտրող բազմաթիվ ծնողներ այսօր մնում են Ստեփանակերտի հյուրանոցներում՝մեկ օրվա համար վճարելով հսկայական գումարներ, իսկ Արցախի ժեկի պետ նախագահը դիմացի մայթ տասնյակ թիկնապահով է անցնում:

Պաշտպանության նախարարության դիմաց ամեն օր արցունք ու սուգ է՝ անհայտ կորածների և ռազմագերիների մայրերի սուգը:

Եվ ահա, այս ողբերգությունը լուծելու փոխարեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին: Այս մարդը շարունակում է առաջնորդվել ոչ թե պետության ու քաղաքացու շահով, այլ սեփական մանր գավառական քինախնդրությամբ:

Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը:

Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, իր փոքրիկ, նեղ անձնական կրքերով, ֆոբիաներով ու քինախնդրությամբ:

Նման ղեկավարման արդյունքը լինում է արհավիրք, նման ղեկավարման արդյունքը եղավ թուրքի առաջ ծնկի բերված Արցախ, նման ղեկավարման արդյունքը

եղավ ատելությամբ բաժան-բաժան եղած ու բզկտված հասարակություն, նման ղեկավարման արդյունքը եղավ արժանապատվությունը կքած ազգ:

Վաղը, որը շատ մոտ է, պատասխան են տալու բոլորը. ոչ միայն փոքրիկ գավառական քինախնդիրը, այլ նաև նրա անադեկվատ հանձնարարականները կատարող բոլոր գործիքները»,- գրում է Զոհրաբյանը։