Բեռլինը պատասխանել է Անկարայի մեղադրանքներին. Միջերկրական ծովում գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի

Բեռլինը պատասխանել է Անկարայի արձագանքին՝ կապված  Միջերկրական ծովում գերմանական ֆրեգատի կողմից թուրքական բեռնանավը կանգնեցնելու և խուզարկելու հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 22-ին Միջերկրական ծովում Եվրամիության «Իրինի» (հուն․` խաղաղություն) առաքելության շրջանակներում ստուգումներ իրականացնող գերմանական ֆրեգատի կողմից կանգնեցված բեռնանավը կասկածվում էր դեպի Լիբիա զենք տեղափոխելու մեջ։ Գերմանացի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը պնդում է, որ գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի, և որ Անկարայի կողմից առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Կրամպ-Կարենբաուերն ասել է. «Գերմանացի զինվորները գործել են ԵՄ «Իրինի» գործողության լիազորությունների շրջանակներում։ Զինվորներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»: