Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրել է հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանին

Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացնում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ:

«Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով՝ Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասել է նա և նշել, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը, այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձաններ են:

Տիգրան Գալստյանը նկատել է, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել:

«Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա:

Հադրութի շրջան

  1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ.
  2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ.
  3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր

Ասկերանի շրջան

  1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց,  Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ.

Մարտակերտի շրջան

  1. Թալիշ գյուղի մոտ՝  Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ.,

Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ.

  1. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.