Հունաստանը և ԱՄԷ-ն փոխադարձ պաշտպանության մասին դաշնագիր են կնքել՝ ընդդեմ Թուրքիայի

Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր են կնքել, որը նախատեսում է երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականության սպառնացող վտանգի դեպքում օգնություն ցուցաբերել, հաղորդում է Ahval-ը։

Նշվում է, որ հիշյալ դաշնագիրը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին ավելի լայն համաձայնագրի մաս է կազմում։

«Հունաստանը և ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների խախտումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում այդ երկրի ագրեսիվ պահվածքը», – անցած շաբաթ համատեղ հայտարարություն էին տարածել  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և էմիրության գահաժառանգ արքայազն Շեյխ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահյանը։

Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ «երկու կառավարությունները կոչ են անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել բոլոր անօրինական և սադրիչ գործողությունները»։

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

Թուրքիայի և ԱՄԷ-ի հարաբերությունները սրվել են 2017 թվականի հունիսին՝ Կատարում տեղի ունեցած դիվանագիտական ճգնաժամից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի դաշնակից Կատարի հետ:

Օգոստոսին Թուրքիան սպառնացել էր դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և հետ կանչել այդ երկրում Թուրքիայի դեսպանին։