ՀՀ ԱԱԾ-ը հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների վերաբերյալ տեսանյութեր տարածելուց

ՀՀ ԱԱԾ հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,-նշված է հայտարարության մեջ: