Ռուս սակրավորները Արցախում շարունակում են ականազերծման աշխատանքները

ՌԴ ՊՆ-ը տեղեկացնում է, որ ռուս զինվորականները ԼՂ-ում շարունակում են խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ականազերծում իրականացնել:

«Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ներգրավված են խաղաղապահ դիտակետերի միջև երթուղիների և ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզմանն ու ականազերծմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Սակրավորական աշխատանքներն ընթանում են բնակավայրերի և դրանց սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մերձակայքում։ Հայտնաբերված ռազմամթերքը և պայթյունավտանգ իրերը տեղափոխում են հրաձգարան, որտեղ ոչնչացնում են։ Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, տեղում են ոչնչացնում։

«Պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար տեղազննության աշխատանքների փուլերից մեկը դիրքերի ուսումնասիրումն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար դիտակետեր ռուս խաղաղապահների ծառայության կրման համար»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից  հավելով, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձավորված են սակրավորի ժամանակակից պաշտպանական կոստյումով և զինված են պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցներով։