Հայրենիքը մեծածախ վաճառած հրոսակախմբին մի վերջին խորհուրդը կարող եմ տալ. կոլոլեք CEPA-ի մոտ 1000 էջերը եւ հերթով, թերթ առ թերթ՝ ըստ ձեր նախասիրությունների․ Աշոտյան

Երեք տարի առաջ էր, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր դինամիկ զարգացման մեջ նորանոր կարեւոր ձեռքբերումներ էր գրանցում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը և մանրամասնել՝ որոնք էին այդ ձեռքբերումները։

«Արդեն դարձել էինք Եվրասիական տնտեսական միության անդամ։

Արդեն կնքել էինք ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում մինչեւ 2044 թվական երկարաձգելու համաձայնագիրը։

Արցախյան բանակցային սեղանին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն էին։

Ալիեւին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հսկայական զարկ տվեց նրա միջազգային ճանաչման գործընթացին:

Եվ ահա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան – ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։

Այդ փաստաթղթում ի թիվս այլ ուղղությունների մեր ջանքերով հստակ ամրագրվել էր Արցախյան հակամարտության լուծման համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանգուցային սկզբունքը։ Եվ այն վերջնական վավերացման դեպքում կդառնար ԵՄ-ի համար պարտադիր իրավական ուժ ունեցող մոտեցում։

Հենց այդ պատճառով Հայաստանում իշխանազավթումից հետո ամեն առիթով հորդորել եմ տգետների իշխանությանը արագացնել համաձայնագրի վավերացումը, ինչը երեք տարի անց այդպես էլ չիրականացվեց։

Աղմկում-աղաղակում էի, որ այս ուղղությամբ հարաբերությունները նույնպես ֆիասկոյի եզրին են։ Իսկ դավադիր մեծամիտն անգամ անհաջող կատակներ էր փորձում անել իմ մտահոգությունների առնչությամբ։

Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանն ու Արցախն այդպես էլ որեւէ լուրջ աջակցություն եվրոպական քաղաքական ինստիտուտներից չստացան։ Ավելին, ակնկայտ էին ադրբեջանական լոբիստների աշխատանքի պտուղները։

Այս գնացքն էլ գնաց։ Խայտառակ կապիտուլյացիայից հետո կտրուկ փոխվեց ոչ միայն Արցախյան խնդրի գեոպիլիտիկան , այլեւ տեկտոնիկ վերանայումների են ենթակա մեր երկրի ապագայի ռազմավարական գերակայությունները։ Եւ այս համաձայնագիրը այլեւս լուրջ կիրառական արժեք չունի։

Ուստի այն ձախողած եւ Հայրենիքը մեծածախ վաճառած հրոսակախմբին մի վերջին խորհուրդը կարող եմ տալ. կոլոլեք CEPA-ի մոտ 1000 էջերը եւ հերթով, թերթ առ թերթ՝ ըստ ձեր նախասիրությունների…

Կներեք ֆրանսերենիս համար»,- գրել է Աշոտյանը։