Ֆեյզին և Լաքոտը պատրաստակամ են աջակցել Արցախի՝ Ադրբեջանին անցած հայկական ժառանգության պահպանմանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի եւ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայությանը կարիքները հոգալուն եւ մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած  տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը եւ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:

Հանդիպումների ավարտին կարեւորվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: