Ո՞ւմ ճակատին կկրակի ռուլետկան

Քննարկելու ենք երկու հարց. ի՞նչ է լինելու` ա) հետայսու, բ) գոյատևելո՞ւ է արդյոք ԵԱՀԿ ՄԽ-ը:

Ներքաղաքական իրավիճակին չենք անդրադառնալու, որովհետև այն շաղախված է այս երկու իրողություններին: Ընդորում, Նիկոլ կոչվածի լինելությունը` կմնա, չի մնա, դարձել է «ճ» կլասի իրողություն, նախ այն պատճառով, որ եթե նմանին  հողերը հանձնելուց հետո հնարավորություն տրվեց երևալ մարդկանց աչքին, նշանակում է` նմանը նմանին գտել է այս երկրում, և էթնոսն ինքն իր, իր ներքին կերտվածքի հետ լուրջ խնդիրներ ունի:

Հաջորդական քննարկումն էլ խիստ ավելորդ է, որովհետև Օպերայի հարթակում շարված ընդդիմությունը, բացի խոսելուց ու ձերբակալվելուց, այլ բան չի կարողանում անել: Երրորդն էլ, երբ ընդդիմությունը խոսում է «նախորդներից» այն նույն հարթակից, որում կանգնած է «նախորդների» հետ, ու դա դեռ բավ չէ, ինքն էլ ահարկու նախորդ է (զորօրինակ Վանեցյան Արթուրը), այդպիսի ընդդիմության առանց այն էլ ամուլ պայքարը հեռանկար ունենալ չի կարող:

Այլ հարց է, և գնալով այդ տեսակետն առավել ամրակայվում է, որ Օպերայի հարթակն ընդամենը ծառայում է Նիկոլի իշխանության ամրակայմանը`վասն Ռուսաստանի: Ռուսաստանը ցանկանում է դեռ պահել Քյոսայանի բնութագրմամբ` «ստահակ, կառլիկ» Նիկոլին: Ասել է` բողոքի այդ ակցիաները դագանակ են Նիկոլի գլխին, որպեսզի իրականացնի իր ստորագրած դավաճանական գիրը: Ուր կա «պոզիտիվ»` խաղաղապահների մասով, առանց պայմանագրի էլ ազատվի սորոսականների հրոսակից: Վասն Ռուսաստանի:

Մի երկու բառ էլ նրա նշանակումներից ու անցնենք գեոխնդիրներին: Հետաքրքիր է, որ ճակատագրական շրջադարձերին Պնախարարի աթոռին է հայտնվում (հոկտեմբերի 27-ին` նույնպես) ԳՌՈՒ-ի գեներալ Վաղարշակ Հարությունյանը. սա իհարկե կարող էր երկար քննարկման թեմա լինել, մենք այսօր դրա ժամանակը չունենք, առաջ անցնելով էլ ասենք. եթե այդպես, ապա` ինչու «մեր գեներալը» չնշանակվեց բուն պատերազմի ընթացքում, այլ հողերն ու Մեղրին «տալուց» հետո կրկին  դարձավ «դեմք»:

Այս դեպքը ևս հասկանալի է` Ռուսաստանը կրկին նույն սկզբունքով է առաջնորդվում. պայմանագիրը «հորով-մորով» անելու ժամապահ է նշանակում ՀՀ ՊՆ-ում` չմոռանալով նախկին «արու» նախարար Դավիթ Տոնոյանին, որը ջերմորեն ողջագուրվում էր Հայաստան ժամանած` ոչ պակաս «արու» նախարար Ս. Շոյգուի հետ, ինչից կարելի էր հեռու գնացող եզրակացություններ անել` պատերազմի մասով, սակայն մեր կարծիքները պահում ենք մեր խորքում` հարմար օրերի համար:

Անցանք առաջ:

Ա) Այսպիսով` ինչ է լինելու հետայսու: Այն, ինչ եղավ Ղարաբաղի հետ, որպես ազգային խայտառակություն, կորուստ, ոչնչացում` էթնոսի, մի պահ կողմ դնենք, էլ ավելի մեծ արհավիրքին անդրադառնալու: Այո, կրկին ու կրկին` Մեղրի, Զանգեզուր, Սյունիք, որի «կապիտուլյացիայի» պրիամբուլան տեղ գտավ ստորագրված փաստաթղթում:

Քչերն են կասկածում, չէ՞, որ հերթը Մեղրունն է: Քչերն են կասկածում չէ՞, որ արնախում Նիկոլի արնախում «դոստում» Էրդողան խանի կարմրած-գազանային աչքերը Մեղրու վրա են, որպեսզի այնտեղից իր ԱՄՆ-Իսրայել դոստումներին բավարարի դեպ Իրան, ինքն էլ սահուն, Նիկոլին «հեծած» հասնի  Չինու կողմերը` ույգուրներին զարթնեցնելու, ապա կմտնի Կենտրոնական Ասիա, այնտեղից էլ Ղրիմ` իր էթնոսին «տիրություն» անելու:

Ունե՞նք մենք սրա դեմ զսպանակների մեխանիզմ: Հասկանում եմ` հիմար հարց եմ տալիս:

Իսկ Ռուսաստա՞նը… մասա~մբ:

Չէ, Ռուսաստանը մեծ բազարի մեջ է Էրդողանի հետ, ու կշարունակի նույն ոգով, մի բան մի տեղ զիջելով (ասենք Սիրիան), մի բան մի տեղ ստանալու ակնկալիքով ու բացառապես կերկխոսի Թուրքիայի ու ոչ` մեզ հետ… ավելին չասենք:

Մեր հույսը կմնա մեր Աստված, որը խոստում ունի, որ մեզ հետ է մինչև աշխարհի վերջը, ու մենք պարտավոր ենք` Երիքովը տապալող ժողովրդի պես երգել.

-Փառք տվեք Աստծուն Արևելքում… փառք Ճշմարիտին…

Բ) Կգոյատևի՞ հետայսու ԵԱՀԿ ՄԽ-ը: Ժպտո՞ւմ եք: Առանց այն էլ մինչ այս կիսամեռ, իդեաների պակասից տառապող, երբեք արդարություն չհետապնդած` «պտիչկաներ» դնող. լղոզող այդ կառույցը փորձում է հետայսու «խառնվել», որովհետև Ռուսաստանը «ֆուկ» արեց նրան` իր խաղաղապահներին նոն-ստոպ, Թուրքիայի հետ՝ կամ խորքային պայմանավորվածությունների, կամ արագաշարժ տեմպերով նրան շրջանցելով` շատ արագ «տեղավորեց» Արցախում. Ռուսաստանի տնավարի  պատրաստվածություններից երևում է, որ հոգ է տանում ու «անքուն»  է Արցախի համար այնպես, ինչպես կհոգար իր գուբերնիաների ու քաղաքների մասին: Հետն էլ` խոսում է Արցախի հետագա կարգավիճակի մասին… Ռուսաստանի կազմո՞ւմ:

-Նո-նո-նո` երբեք,- խելապատառ ճչում են ԵԱՀԿ ԱՄՆ, Ֆրանսիայի համանախագահները: Նրանք հասկանում են` դրանով իրենք Մեծ Մերձավոր Արևելք ծրագիրը` Իրանի վրա Իսրայելի հարձակումը, տանուլ են տալիս. իրենք այդ պլանները կանցկացնեն Ռուսաստանի «դռնով», ինչն իրենց պլանների մեջ չի մտնում. ավելին` Իրանից հետո Ռուսաստանի հերթն էր…

Ասել է` Թուրքիա-Ռուսաստան սկսված նոր խաղը դեռ շատ փխրուն է. խաղը բաց է դեռ. «նո ստվակի սդելանի, գասպադա»:

Ո՞ւմ ճակատին կկրակի ռուլետկան… չտա Աստված` կրկին  մեր:

 

Կարմեն Դավթյան