«Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի». Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։

«Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2-3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր»,- ասել է Դրիանը՝ հավելելով, որ կան մի շարք պարզ քայլեր, որոնք Էրդողանը պիտի ձեռնարկի միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և Լիբիայում։

Նա Թուրքիային մեղադրել է ծավալապաշտական գործողություններ իրականացնելու մեջ՝ մատնանշնելով Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները։

«Դե ֆակտո Թուրքիան ագրեսիա է իրականացնում երկու երկրի դեմ»,- շեշտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։