Ալիևն ինչ ուզի՝ կգրի, սա էլ գլխիկոր կստորագրի

Մենք՝ որպես պետություն կորցնում ենք թանկարժեք ժամանակը։ Խունտայի օր առաջ հեռացումը ոչ միայն ազգային արժանապատվության, երկրային արդարության և բարոյական դատաստանի հարց է։

Քանիցս հիմնավորվել է, որ դա նախևառաջ ազգային անվտանգության խնդիր է։

Ամենաթարմ օրինակը բերեմ։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Երևան և Բաքու մի կարեւոր շեշտադրում ուներ, որ կարծես դուրս մնաց վերլուծական դիսկուրսից։

Բաքվում եզրափակիչ ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողի նախապես պատրաստված հարցին ի պատասխան Լավրովն փոխանցեց, որ Ալիևի պնդմամբ տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցի լիարժեք վերագործարկումը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է ոչ թե Հայաստանի ապաշրջափակման, այլ դավաճանական կապիտուլյացիոն ակտի վերջին կետով նախատեսված դեպի Նախիջևան բացվող կոմունիկացիոն թյուրքական երազանքով։

Սա լրջագույն երկարաժամկետ մարտահրավեր է, որը ոչ միայն այլեւս թշնամուն մատուցած պարտավորություն է, այլեւ իր իրականացման դետալների մեջ բազմաթիվ ոչ պակաս վտանգավոր ականներ է պարունակում։

Գործող խունտան ոչ պոտենցիալ, ոչ էլ ցանկություն ունի ամորտիզացնելու կապիտուլյացիոն հայտարարության հետագա վնասներն ու ռիսկերը։Արցախի նոր հայաթափվող գյուղերը դրա վառ ու ցավալի օրինակն են։

Ուստի սրանց պաշտոնավարման յուրաքանչյուր օր նոր հարվածներ է հասցնում մեր ազգային շահերին, վերջնականապես չոքացնելով մեզ տարածաշրջանում։

Թե չէ կրկին ստացվելու է, որ Ալիևն ինչ ուզի՝ կգրի, սա էլ գլխիկոր կստորագրի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից