Պիետրոդարկին արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երաժշտական ստեղծագործություն է կատարել (տեսանյութ)

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երաժշտական ստեղծագործություն է կատարել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ստեղծագործության հեղինակ, կոմպոզիտոր, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը:

«Արցախյան զինվորի հիշատակին իմ վոկալիզը: Շնորհակալ եմ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին՝ հրաշալի կատարման համար»,- ելույթի տեսագրությանը կից գրել է Ուլիխանյանը:

Հայտնի է, որ իտալացի ակորդեոնահարը հաճախ է Երևանում ելույթներ ունենում և բազմիցս խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը և հայերին:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտերի ժամանակ նա միջազգային հանրությանը կոչ էր արել աղոթել Հայաստանի համար:

«Հայաստանը սքանչելի երկիր է՝ բնակեցված հրաշալի մարդկանցով, որոնք արժանի չեն նման վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի, քանի որ հապաղումը կարող է ճակատագրական լինել: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղում ամեն բան կհարթվի: Սիրում եմ քեզ Հայաստան»,- գրել էր Պիետրոդարկին: