Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ միջազգային կարգի փլուզման արդյունքներն ավելի ակնհայտ են դառնում

Շուրջ մեկ ու կես ամիս Լեռնային Ղարաբաղում մղվեց լայնամասշտաբ պատերազմ: Ժամանակակից իրողություններով դա բավականին երկար ժամանակ է, եթե տեսնենք նախորդ տարածաշրջանային պատերազմների ժամկետները: Օրինակ այդ նույն ժամանակաընթացքում ջախջախվեց Սադամի մեկ միլիոնանոց բանակը, իսկ արաբա-իսրայելական պատերազմները ավարտվում էին մեկ շաբաթից տասնհինգ օրվա ընթացքում: Սակայն ընթացիկ համաճարակի, Միջերկրական ծովի ճգնաժամի և ԵՄ ներքին խնդիրների համապատկերում եվրոպացի դիտորդները քիչ ուշադրություն դարձրին Հարավային Կովկասին: Հակառակ մեզ մատուցված կեղծ տեղեկատվության՝ ադրբեջանական բանակը առաջ էր մղվում, իսկ Մոսկվան որպես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հիմնական կարգավորող, պատերազմը ավարտին տարավ շահերի հավասարակշռման և Բաքվի ու Երևանի վրա ազդեցության լծակների պահպանման քաղաքական նպատակներով: Իհարկե, կասկածից վեր է, որ ռազմադիվանագիտական ծանր պարտություն կրած Հայաստանի համար սա հարցի լուծման միջանկյալ տարբերակ էր և լիակատար կոլապսից փրկվելու միջոց: Սակայն ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց նաև, որ միջազգային կարգի փլուզման արդյունքներն ավելի ակնհայտ են դառնում: Այն օրվանից ի վեր, երբ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «ոտքի է կանգնում», Կրեմլը մարտահրավեր է նետել հաստատված միաբևեռ միջազգային կարգին և դրա մարմնավորող պետությանը՝ ԱՄՆ-ին, սառը պատերազմի իր նախկին թշնամուն և Եվրամիությանը: Որոշակի հաջողությունների նա արդեն հասել է, բայց ունի նաև կորուստներ: Միջազգային կարգի փլուզումը նաև ունեցավ բումերանգի էֆեկտ Ռուսաստանի համար հատկապես Հարավային Կովկասում: Առաջին հերթին այն քայքայեց տարածաշրջանային սահմանափակումները: Ձգտելով վերականգնել իր լիակատար գերիշխանությունը հետխորհրդային տարածքում, Կրեմլը ստիպված է ընդունել, որ Թուրքիան փոխել է իրավիճակը տեղում և հօգուտ իր տարածաշրջանային դաշնակից-մրցակից Ռուսաստանի՝ թողել է ավելի ու ավելի քիչ տարբերակներ: Շատ դիտորդներ նշում են, որ Կրեմլը վերադարձել է գլոբալ քաղաքականություն, նախ և առաջ որպես 90-ական թթ. հաստատված հետսառըպատերազմյան միջազգային կարգի ոչնչացնող: Այս ձեռագիրը երևաց Սիրիայում, Ուկրաինայում, Վենեսուելայում, Ղարաբաղում:

Քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից