Երուսաղեմի Հայ պատրիարքը դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով միջնորդել ու Արցախին վերադարձնել Հադրութն ու Շուշին

Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը օրերս պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի հայտարարության կնքման և 44 տևած պատերազմը դադարեցնելու առիթով: Ֆեյսբուքյան էջում  նամակը հրապարակել է նաև Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Նամակում նշվում է, որ ստորագրված հայտարարությունը նոր իրողություն է բացում արցախահայության և առհասարակ հայ ժողովրդի առջև։ Դրա ամենացավալի կետերից մեկը, ըստ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, այն է, որ Ադրբեջանին վերադարձվելիք տարածքներում մնում են Հայ Առաքելական եկեղեցու դարավոր վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և այլ սրբավայրեր, որոնց պահպանության հարցն այսօր յուրքանչյուր հայի համար դառնում է էական խնդիր, դրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ։

«Դիմում եմ Ձեզ և խնդրում, որ առաջիկա բանակցությունների ընթացքում ջանքեր գործադրեք, վերոնշյալ սրբավայարերից, որոնք հնարավոր է, ներառել Արցախի սահմանների մեջ, իսկ մյուսների պահպանության համար՝ ապահովել վստահելի երաշխիք։

Ավելին՝ պատերազմի հետևանքով Արցախի պատմական շրջաններից Հադրութը և հայ ժողովրդի մշակութային կենտրոններից Շուշի քաղաքը ևս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսօր այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են անօթևան, անտուն, գաղթական։ Ուստի, դարձյալ խնդրում եմ, որ Ձեր անմիջական միջնորդությամբ այս երկու պատմական շրջանները վերադարձվեն Արցախին, որպեսզի դրանց բնակիչները  վերադառնան իրենց բնակավայարեր և շարունակեն ստեղծարար և շինարար իրենց կյանքը։

Մեծարգո նախագահ, Ձեր պաշտոնավարաման տարիները փաստում են, որ դուք միշտ եղել եք արդարամիտ, խաղաղասեր և մարդասեր ղեկավար։ Այս փաստը մեզ հույս և քաջություն է ներշնչում, որ շարադրենք այս խնդրանքը և աղոթքով ակնկալել Ձեր դրական որոշումները։

Ավելին՝ մեր վստահությունը գալիս է նրանից, որ գրեթե 15 տարի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը  Լույսի տոների ժամանակ  ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը, նրանց մասնավոր տեղ հատկացրել Սուրբ Հարություն տաճարի հայկական բաժնում, ինչի շնորհիվ արարողությունից հետո նրանք կարողացել են կենարար լույսն արագ հասցնել Մոսկվա, որը մեծ օրհնության աղբյուր է միլիոնավոր հավատացյալների համար»,- նշված է Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում։