Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ․ Լևոն Արոնյան

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում:

Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք:

Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար:

Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»։