Պիտի ճանաչենք Արցախի անկախությունը և պաշտպանենք մեր փախստականներին․ Նարինե Դիլբարյան

Շուշիում անցած օրվա ադրբեջանական ուժերի ռոտացիայից հետո, որ տեղի ունեցավ ռուսական խաղապահների գործուն ուղեկցությամբ, հասկացա, որ Արցախը հոշոտված է, Հայաստանը՝ կքած, բայց Ադրբեջանը վախենում է, սրիկա, նենգ ոսոխի պես վախենում է մեր հնարավոր դիմադրությունից, պարտիզանական պայքարից, որովհետև գիտե, որ Շուշին չի գրավել, քաղաքական «բանակցությունների» արդյունքում պոկել է՝ օգտվելով մեր քաղաքական խեղճությունից, սին ու անհեռատես ապաշնորհ կառավարումից, ինչպես պոկում է Մարտակերտից, Ասկերանից, բայց գիտե, որ վերջը գալու է, չի կարողանալու կուլ տալ, դրա համար ռուսների խաղաղապահ զորեղ վահանով է ծածկվում, թրքական այս պետությունը Ռուսաստանի լարերի վրա է խաղում, ինչպես ողջ պատերազմի ընթացքում Թուրքիայի ու իսլամական ահաբեկիչ-գրոհայինների ուժերով էր կռվում մեր դեմ: Հայաստանը դուրս է գալու ուրացումի այս մղձավանջից, ու պետք է արագ ձեռնամուխ լինենք, անգամ այդ նզովյալ համաձայնության մեջ կետեր կան, որ մենք պիտի մեզ վահան դարձնենք, Ռուսասատանի միջոցով իրագործենք, ինչու ենք շարունակում հանձնված մնալ:

« 7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ինչու ենք դատարկում մեր գյուղերը, պիտի մնանք ու ապրենք, Շահումյանի ու Գետաշենի հարցն էլ պիտի բարձրացվի, Ադրբեջանն իրեն հռչակել է միակ ներքին տեղահանված ու փախստական և հետևողական ջանքերով ամեն ծերպից խցկվում է: Հայաստանը պիտի տեր կանգնի մեր հին ու նոր փախստականներին, մեր հայրենակիցներին, որոնցից ուզում են խլել ամեն ինչ, չի հաջողելու: Պիտի ճանաչենք Արցախի անկախությունը և պաշտպանենք մեր փախստականներին, Պուտինին ընդառաջ, երկու անգամ ռազմավարական դաշնակից միջնորդը հստակ հայտարարում է՝ դուք չեք ճանաչել Արցախը: Ինչու ենք հապաղում, բացվող շաբաթը վճռորոշ է՝ Ֆրանսիայի սենատում կոնսենսուս կա, այնտեղ ճանաչվելուց հետո ճանապարհը հստակ է դեպի խորհրդարան և կառավարություն: Մեր ճանաչելուց հետո գնդակն էլ Պուտինի դաշտում կհայտնվի, ինքը իրավամբ այս խնդիրը բարձրաձայնեց:

Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից։