Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը. անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց. Tert.am

Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց երեխաների, ամուսինների մասին:

«Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը: Մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը լսել, մենք մեր երեխեքին ենք կարոտել: Ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի անգամ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա, թե չկա: Ոչ մի պատասխան չեն տալիս, չէ որ իրենց աշխատողն ա, իրենք են տարել»,- ասաց ծնողներից մեկը:

Հարազատների խոսքով՝ զորամասի զինծառայողներից 34-ն անհետ կորած են համարվում:

«Այստեղ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ասեցին՝ ռադարների տակ են, կապ չկա: Մի քանի օր հետո հասկացանք, որ ոչ մի բան էլ չկա, իրենք ուղղակի գնացել են, ընկել են մսաղացի մեջ: Ամեն օր մեզ ասում են՝ սպասենք երկու օր, ոչ մի պատասխան չունեն»,- ասաց հարազատներից մեկը: