Չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս․ Վիտալի Բալասանյանը ցավակցել է Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը ցավակցություն է հայտնել Արցախի հերոս, ԵԿՄ նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, իմ մարտական ընկեր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին:

Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից է: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում մասնակցել են բազմաթիվ ազատագրական մարտական գործողությունների: Անշուշտ, չդիմացավ հերոսի սիրտը այն իրողությանը, որում ապրում ենք այսօր բոլորս:

Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքի անդամներին, մարտական ընկերներին:

Դժվար է հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե՛րս»,- գրում է Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում: