ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին

ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրանց հետ Սոլովյովի հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Ստեփանակերտում: Ցանկը կազմվել է ՌԴ ԱԻՆ-ի խնդրանքով: Ցանկում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդների անուններ: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։

«Այդ նույն ցուցակը ես փոխանցել եմ ադրբեջանական կողմին՝ իրենց ԱԻՆ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել»,- նշել է Սոլովյովը: