ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պարտավոր է հաշիվ պահանջել Փաշինյանից, եթե սպայի պատիվ հասկացությունը խորթ չէ իրեն

Հետաքրքիր է` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մտադի՞ր է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջել` իրեն խաբելու ու հայ ժողովրդի առջև, մեղմ ասած, անհարմար վիճակում դնելու համար: Կարծում ենք, եթե սպայի պատիվ հասկացությունն իրեն խորթ չէ, պարտավոր է հաշիվ պահանջել…

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ս.թ. նոյեմբերի 17-ի իր ուղերձով հայտարարել է, թե «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները…», մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը հայտնել է ճիշտ հակառակը:

ՌԴ նախագահը մասնավորապես հայտնել է, որ հոկտեմբերի 19-20-ին իրեն հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին` դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահի կողմից պարտադիր պայման է առաջադրվել փախստականների վերադարձը, այդ թվում նաև` Շուշի, սակայն Շուշին և, ընդհանրապես, Ղարաբաղի տարածքի այդ հատվածն իր առաջարկության ընդունման դեպքում մնալու էր հայկական կողմի վերահսկողության ներքո, բացի այդ, այնտեղ ներկա էին լինելու ՌԴ խաղաղապահները, այսինքն` անվտանգությունը երաշխավորված էր լինելու:

Պուտինը հայտնել է նաև, որ վարչապետ Փաշինյանն իր այդ առաջարկությունն անսպասելիորեն և իր համար ցայսօր անհասկանալի պատճառաբանությամբ մերժել է և ասել` «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Ընդ որում, ընդգծում ենք, Փաշինյանը սա ասել ու ՌԴ նախագահի առաջարկությունից հրաժարվել է պատերազմի դեռ 4-րդ օրը` հոկտեմբերի 1-ին, ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցից  ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականից քաջատեղյակ լինելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում սպառվելու են ու յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի անբարենպաստ պայմաններ:

Նշված պայմաններում ՌԴ նախագահի հիշյալ առաջարկությունից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը բազմաթիվ փաստերից ընդամենը մեկն է, որով հիմնավորվում է պետական դավաճանության մեջ նրա մեղքը: Համապատասխան իրավապահ մարմինները պարտավոր են գործել…

Արթուր Հովհաննիսյան