ԵՄ 7 գործընկեր պետություններ, այդ թվում՝ Ուկրաինան, միացել են Բելառուսի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշմանը

Եվրամիության յոթ գործընկեր պետություններ, այդ թվում՝ Ուկրաինան, միացել են Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների մասին ԵՄ որոշմանը. պատժամիջոցները սահմանվել են «նախագահական ընտրությունների կեղծման և մարդու իրավունքների խախտման» պատճառով: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թեկնածու երկրներ (ԵՄ-ին անդամակցելու համար) Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան և Ալբանիան, Եվրոպական տնտեսական գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միանում են ԵՄ խորհրդի այդ որոշմանը։ Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այդ պարտավորությունը և ողջունում է այն»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ը Մինսկի դեմ պատժամիջոցների արդեն երկու փաթեթ է սահմանել՝ «սև ցուցակում» ներառելով երկրի ղեկավարության 55 ներկայացուցչի, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նրանց  մուտքը ԵՄ արգելված է, իսկ եվրոպական բանկերում հաշիվները, եթե հայտնաբերվեն, ենթակա են սառեցման։