Իրենց այս պահվածքը միայն մոտեցնում է իրենց քաղաքական վերջնական ինքնաոչնչացումը

Գիտեք` ամենաահավոր բանն ինչն է… այն, որ ազգային ծանրագույն ողբերգության բերած իշխանավորները՝ սկսած Նիկոլ Փաշինյանից և վերջացրած իր մտերիմ թիմակիցներով, ուղղակի հրաժարվում են ընդունել այն փաստը, որ հենց իրենց ներքին, արտաքին, տնտեսական, ռազմական, գաղափարական ինքնահավան անմեղսունակությունն ուղղակի ոչնչացրեց հայ մարդու (ոչ թե արհեստակսն և շինծու «հպարտ քաղաքացու») ներքին աշխարհը։

Ես շատ եմ մտածել, թե ինչու իրենք համառորեն չեն պատրաստվում ինքնակամ ընդունել իրական պատասխանատվությունը և հեռանալ։ Իշխանության «քաղցրությունը», իհարկե,  հասկանալի պատճառ է, բայց կարծում եմ, որ դա էլ չի գլխավոր պատճառը… կարծում եմ, որ իրենց այս պահվածքի հիմնական պատճառն այն է, որ իրենք իրականում չեն հասկանում, թե ինչ սարսափելի բան արեցին։ Այո՛, չեն հասկանում, որովհետև իրենք ապրում են լրիվ  ուրիշ ներքին  աշխարհում։ Իրենց համար Շուշին երբեք չի եղել բացարձակ արժեք, իրենց համար թուրքը և ադրբեջանցին երբեք չեն եղել թշնամի (եղել են օպոնենտ, հակառակորդ, բայց ոչ թշնամի), իրենց համար Եկեղեցին երբեք չի եղել անհերքելի հեղինակություն, իրենց համար մարդը դիտարկվել է միայն որպես «օրինապաշտ քաղաքացի» և երբեք չի դիտարկվել որպես հայ մարդ, իրենց համար մեր ավանդույթները եղել են «խավարամտություն» և այլն։

Իրենք իրենց համարել են առաջադեմ , իսկ մեզ` բոլորիս հետամնաց։ Իրենք կարծում են, որ ոչ մի ազգային աղետ չի եղել, այլ եղել է միայն պարտություն (սա շատ կարևոր է )։

Եվ, հաշվի առնելով այս ամենը, իրենք կրկին կրկնում են այն կարևորագույն սխալը, որը բերեց ողբերգության։ Իրենք ուղղակի ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը և անել ճիշտ քայլեր։ Բայց իրենց այս պահվածքը միայն մոտեցնում է իրենց քաղաքական վերջնական ինքնաոչնչացումը, քանզի եթե նույնիսկ իրենք ունակ չեն ռեալ գնահատել իրավիճակը, դա չի նշանակում, որ իրադարձությունները չեն զարգանա ըստ  տրամաբանության և «realpolitik»-ի կանոնների։

Այն, որ իրենք ձևացնում են, որ ոչ մի ահավոր բան չի պատահել միևնույն է, չի փրկի իրենց անխուսափելի իրողությունից, որն առկա է։ Այսինքն իրենք շատ շուտ և արագ հեռանալու են, նույնիսկ չհասկանալով, թե ինչու, բայց հեռանալու են, որովհետև հայ ժողովրդին չի կարող առաջնորդել գեթ մի օր կապիտուլյացիա ստորագրած ուժը կամ առաջնորդը, և բնավ կապ չունի այդ խայտառակության ստորագրելու պատճառները, դա ոչ ոքի հետաքրքիր չէ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից