ՌԴ պետդումայում կոչ են արել պահպանել Ղարաբաղի կրոնական սրբավայրերը

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Գավրիլովի մամուլի ծառայությանը:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Պետք է ապահովվի հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը»,- ասել է Գավրիլովը:

Նրա խոսքով` Ղարաբաղում և առհասարակ այն շրջաններում, որոնք անցնում են Ադրբեջանին «գտնվում են Սիրիայից ժամանած բազմաթիվ ծայրահեղականներ»:

«Ես տեսել եմ ահաբեկիչների գործունեության հետևանքները, հատկապես Սիրիայում նրանց գրաված վայրերում, առաջին հերթին Մաալուլի Սուրբ Ֆեքլա վանքում, որտեղ ոչնչացվել էր քրիստոնյա բնակչությունը, ավերվել էին վանքեր և տաճարներ: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը կարող են անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի զինյալները լքեն Ղարաբաղը»,- նշել է խորհրդարանականը: