Հրադադարը ստորագրելուց հետո թշնամին 6 հայ է պատանդ վերցրել Արցախում․ Վրթանեսյան

Ինչ է կատարվում Արցախում

Ըստ դավաճանի ստորագրած հայտարարության Աղդամի «շրջանը» պիտի անցներ Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։ Այսօր ժամը 4–5-ի կողմերն ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտան Աղդամ։

* * *

Մարտակերտի շրջանի որոշ գյուղերի բնակիչներ, որոնք Արցախի ոչ խերով նախագահ Արայիկ Հարությունյանի կոչին հետևելով վերադարձել էին, ստիպված եղան իրենց տներ վերադառնալուց 1–2 օր հետո բռնել գաղթի ճամփան, որովհետև իրենց մոռացել էին զգուշացնել, որ այդ գյուղերը նույնպես հանձնվում են։

Ամենադաժանն այն է, որ այդ գյուղերի բնակիչների մի մասն արդեն տեղահանվել էին 1992-ին, օրինակ՝ Մարաղայի բնակիչները, որոնք կոտորածից հետո Արցախի ազատագրված տարածքում հիմնել էին Նոր Մարաղա գյուղը։

Մի շատ կարևոր դետալ էլ. պետությունն այդ մարդկանց որևէ կերպ չի օգնել իրենց գույքը դուրս բերելու հարցում, ակտիվիստներ են ինքնակազմակերպվել, գումար հավաքել, ավտոմեքենաներ ուղարկել [հղումը՝ մեկնաբանություններում]։

* * *

Ռազմավարական առումով կարևոր է այն, որ Ասկերան – Մարտակերտ ճանապարհն անցավ թշնամու վերահսկողության տակ։

* * *

Ըստ դավաճանի ստորագրած հայտարարության Ադրբեջանին է անցնում նաև Սոթք – Քարվաճառ – Մարտակերտ ճանապարհը, որ ամբողջ հայության ջանքերով էինք կառուցել, այնտեղ կառուցված ՀԷԿ-երը, Քարվաճառ քաղաքը, բնակավայրերը և այլն, և այլն, և այլն։

* * *

Շարունակում է վտանգավոր մնալ Գորիս – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհը, դրանով անցնելու համար ռուսական խաղաղապահները շարասյուններ են ձևավորում և դրանք ուղեկցում են։

Հիշեցնեմ, որ Լարիսա Ալավերդյանի խոսքերով, արդեն հրադադարը ստորագրելուց հետո թշնամին 6 հայ է պատանդ վերցրել Արցախում։

* * *

Երեկ Ստեփանակերտում բնակվող մի կին գրել էր, որ ադրբեջանական դիպուկահարները Ստեփանակերտի շների վրա են կրակում։ Իմ ունեցած տվյալներով դա ճիշտ ինֆորմացիա է, այլ մարդիկ էլ են հաստատել։

* * *

Այսօր մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը։ Աստված հոգին լուսավորի։

#գրերԵզրագծից

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։