Հրավիրվել եմ ՀՔԾ, հարցաքննվել. Մովսես Հակոբյան

Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը. «Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն»:

Հարցաքննության վերաբերյալ Մովսես Հակոբյանը մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ այսօր Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում սկանդալային բացահայտումներ էր արել․ նա, մասնավորապես, նշել էր, թե պատերազմի ընթացքում վարչապետի տիկնոջը տեսել է Արցախի ռազմական շտաբում, նրան խնդրել է հեռանալ, ինչից 4 ժամ անց իրեն Երևան են կանչել՝ ասելով, որ վարչապետն արգելում է Արցախ գնալ։

Գեներալ-գնդապետը խոսել էր նաև զորահավաքի ընթացքում արձանագրված խնդիրների մասին, տեղեկացրել էր, որ պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորներ ուղարկել առաջնագիծ։