Պարոն Հակոբյանի հայտարարություններն ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում. Մանե Գևորգյան

Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:

Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:

Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքները ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան:

Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց: Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»,- գրել է Գևորգյանը։