Հանրայինը քողարկում է իրադարձությունների որոշ մանրամասներ, խուսափում է ներկայացնել իրար հաջորդող հրաժարականները․ ՄՊ

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 18-ի լուրերի թողարկումներում Ազգային ժողովում հարցուպատասխանը ներկայացվել է մասնակի, ռեպորտաժում չի նշվում, որ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են բոյկոտել ու չմասնակցել նիստին։ ԱԺ դահլիճում են եղել միայն իշխանական պատգամավորներն ու վարչապետը։ Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացրել նաև, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ից։ Այս ընթացքում հրաժարական են տվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ լրատվականն իր թողարկումներում իրադարձությունները ներկայացնում է ոչ լիարժեք՝ մեղմելով այն փաստերը, որոնք կվնասեն իշխանությունների հեղինակությանը։