Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները ճանաչել են Արցախի անկախությունը` կոչ անելով Ֆրանսիային հետևել իրենց օրինակին

Ֆրանսիայի 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները հանդես են եկել Արցախի Հանրապետության ճանաչման հռչակագրով` կոչ անելով Ֆրանսիային և միջազգային հանրությանը հետևել իրենց օրինակին: Այս մասին գրում է asbarez.com կայքը:

Բանաձևում մասնավորապես նշվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսել է ղարաբաղյան հակամարտությունը, որը սառեցվել էր 1994 թվականի անկայուն հրադադարով` սկսելով աննախադեպ լայնամասշտաբ հարձակում ինքնորոշված հանրապետության վրա:

Ադրբեջանական բանակի գործողությունները, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադական խմբավորումների զինյալներ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն ուղեկցվել է զինված հակամարտության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով:

Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, իսկ արցախցի հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից:

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին 44 օրվա արյունալի մարտերից հետո ուժի մեջ է մտել  հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո՝ ամրագրելով հակամարտող կողմերի դիրքերը:

Չնայած այս համաձայնագրի  դրույթները բոլորովին էլ գոհացուցիչ չեն, դրանք նպաստում են երկու կողմերից էլ կյանքեր փրկելուն: Տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակի` մասնավորապես հարյուրավոր հնագույն եկեղեցիների և տաճարների պահպանման առումով:

Այս առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով ՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները, ներառյալ վերջերս վերանորոգված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այսուհետ մեր պարտքն է չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է վերահաստատենք մեր լիակատար աջակցությունը բարեկամ ժողովրդին ՝ աջակցելով հայ ժողովրդի վերադարձին իրենց նախնիների հողեր»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անկախության հռչակումից ի վեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ժողովրդին երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն` հենված երբևէ կասկածի տակ չդրված ժողովրդական հիմքերի, տարածքային ամբողջականության և պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և մշակությաին բարգավաճման վրա:

«Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողի հետ ՝ ընդհանուր լեզվով, ընդհանուր պատմությամբ, ժառանգական մշակույթով ու դավանանքով: Հաշվի առնելով այս կարևոր գործոնները, մեզ առավել քան երբևէ թվում է, որ Արցախի անկախությունը  իրավականորեն ուժեղ է, օրինական և արդար», – ասվում է հայտարարության մեջ ՝ Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել նաև Արցախի անկախությունը որպես միակ արդյունավետ միջոց` պաշտպանելու Արցախի ժողովրդին էթնիկական զտումից, որը մինչ այժմ սպառնում է նրանց:

Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի,  Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները: