ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն է տվել Պուտինի՝ ԼՂ-ում ՌԴ ԶՈՒ օգտագործելու առաջարկին

ՌԴ Դաշնության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ սպառազինությամբ ռուս զինվորականներ, ինչպես նաև ռազմական ու հատուկ տեխնիկա ուղարկելու առաջարկին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահին թույլատրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհրաժեշտ սպառազինությամբ ու ռազմական և հատուկ ռեխնիկայով Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորամիավորում՝ համաձայն Ադբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբեր 9-ի համատեղ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտներին վնասի պատճառումից ու քաղաքացիական բնակչության զանգվածային մահերից խուսափելու համար հայկական ու ադրբեջանական կողմերից կրակի ու այլ թշնամական գործողություններ դադարեցման շուրջ պայմանավորվածության պահպանման մասին», – ասված է բանաձևի տեքստում:

Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 139 սենատոր: Այն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: