Եթե իմ շատ գործընկերների համար հայրենիքի կորուստը իրենցից հեռու է, ես այդ հայրենիքի կորուստը իմ մաշկի շրջանում եմ զգում. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի այսօրվա նիստի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած Թագուհի Թովմասյանը ներկայացրեց իր որոշման պատճառաբանությունը, նշեց, որ այդ փաստաթղթի հրապարակումից հետո հաջորդ օրը գնացել է Արցախ, հանդիպել ռազմաքաղաքական ղեկավարությանը, փորձել անել հնարավորը, ինչը կարող էր իրենից կախված լիներ, որպեսզի հասկանա, թե ինչ  հնարավորություն կա այս իրավիճակում որևէ բան վերախմբագրելու:

«Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, և եթե շատ իմ գործընկերների համար հայրենիքի կորուստը իրենցից հեռու է, ես այդ հայրենիքի կորուստը իմ մաշկի շրջանում եմ զգում, քանի որ Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնելուց հետո իմ ծննդավայրը՝ Վարդենիսը՝ 36 գյուղերով ըստ էության հայտնվելու է ամենավտանգավոր գոտում ու ես չէի կարող լռել»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ կայացրել է խմբակցությունից դուրս գալու որոշում և այդ քայլով փորձում է իր բողոքը հայտնել այս ամենի դեմ, իր կորսված հայրենիքի դեմ, իր անորոշության և անկարողության համար, քանի որ լինելով պատգամավոր, ընտրված լինելով մարզում՝ փաստացի տալիս է վտանգված հայրենիք:

«Չէի ցանկանա, բայց ունենք այս իրավիճակը և չէի կարող ոչինչ չանել ու նստել սպասել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա նա ասաց. «Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես  իմ հայրենիքի շահն է և իմ հայրենիքը այսօր գտնվում է վիրավորված արժանապատվությամբ և փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում, սա ուղղակի աններելի է»,-ասաց նա և նշեց, որ պատգամավորի մանդատից չի հրաժարվել շատ գործըկերների, արցախցիների խնդրանքով: