Հայկ Սարգսյանը շարունակում է ոչ կոռեկտ պահվածք դրսևորել լրագրողների նկատմամբ․ ՄՊ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակում է ոչ կոռեկտ պահվածք դրսևորել լրագրողների նկատմամբ։

ԱԺ ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանը Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Վաչիկ Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ասել է. «Դու Կենտրոն ԹՎ-ից էիր, չէ՞, դե սպասի, հեսա քո հարցին կպատասխանեմ»: Լրագրողն ուղղում է, որ քո չի` Ձեր է։ Հայկ Սարգսյանը շարունակում է. «Հանգիստ պահի քեզ»:

Նախ, Հայկ Սարգսյանը տարբերակում է մտցնում լրատվականների միջև, ինչպես և իր գործընկերները` լրատվականները բաժանելով յուրայինների և ոչյուրայինների։ Նման պահվածքն անթույլատրելի է։

Երկրորդ` ԱԺ պատգամավորը երևի մոռացել էր, որ ինքն ԱԺ պատգամավոր է և նման ոչ կոռեկտ պահվածքի իրավունք չունի, դա էլ այն դեպքում, որ լրագրողն իր մասնագիտական աշխատանքն էր կատարում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Հայկ Սարգսյանին՝ կարդալ Էթիկայի մասին կանոնակարգը և պատկերացում կազմել, թե ինչպես իրեն պետք է դրսևորի պատգամավորը։ Խոսքի ազատության դեմ նման պահվածքը դատապարտելի է։ Կոչ ենք անում աշխատանքները շարունակել փոխգործակցության ու հարգանքի մթնոլորտում: