Լենա Նազարյանի ասածը բացարձակ սուտ է. այո, նոյեմբերի 10-ին եղել եմ Կառավարության շենքում, բայց ժողովրդին հանդարտեցնելու նպատակով. Դավիթ Մանուկյան (տեսանյութ)

Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման գիշերը եղել եմ Կառավարության շենքում: Ես արել եմ ամեն ինչ, որ ժողովուրդը հանդարտվի: Հորդորել եմ հանդարտվել, գույք չփչացնել: Այս մասին Tert.am հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:

«Այո, այդ գիշեր ես եղել եմ Կառավարության շենքում, քանի որ մոտ 100 մետր հեռավորության վրա եմ բնակվում և ձայները, մեր ժողովրդի ցասումը լսելով՝ չէի կարող անտարբեր տանը նստել: Գնացել եմ Կառավարություն, տեսել եմ հավաքված մոտ 20 հազարից ավելի ժողովրդի: Ես ամեն ինչ արել եմ հանդարտեցնելու համար, քանի որ ժողովուրդը շատ զայրացած էր, շատ մեծ վրդովմունք կար, և բոլորս հասկանում ենք՝ ինչու էր այդպես»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը պատգամավորները մասնակցել են Կառավարության և խորհրդարանի շենքեր ներխուժելուն, գույքի վնասմանը: Նմանատիպ հայտարարություն էր արել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Լենա Նազարյանի հնչեցրած տեղեկությունը բացարձակ սուտ է, այն չի համապատասխանում իրականությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում