Մարտունիում ընթացքի մեջ են ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքում առկա ավերածությունների վերացման աշխատանքները

Մարտունիում ընթացքի մեջ են ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքում առկա ավերածությունների վերացման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետը: Էդիկ Ավանեսյանը տեղեկացրել է, որ քաղաքում գրեթե լուծվել են ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հարցերը: Մարտունի քաղաքի որոշ թաղամասեր և շրջանի գյուղեր այսօրվանից կունենան գազամատակարարում, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքի ամբողջական գազամատակարարման հարցը մնում է օրակարգային, քանի որ վնասվել են գազատար մի շարք խողովակներ: Ի դեպ, այսօրվանից կգործեն նաև քաղաքի երկու գազալցակայան և հացի 2 արտադրամաս: Առաջիկա 1-2 օրերի ընթացքում հիվանդանոցը կանցնի բնականոն աշխատանքի, ի դեպ հիվանդանոցի աշխատակիցներից ոմանք արդեն իսկ վերադարձել են Մարտունի:

Մարտունեցիները շարունակում են վերադառնալ հարազատ բնակավայր: Բոլոր նրանք, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են կեցության պայմաններից, ժամանակավոր կտեղակայվեն նորակառույց բազմաբնակարան թաղամասի ազատ բնակարաններում: