ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին է դիմում սթափության և օրինապահության կոչով

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին է դիմում սթափության և օրինապահության կոչով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:

Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:

Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը:

Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը»,- նշված է Ոստիկանության կոչի մեջ: