Ղարաբաղում Անկարան ու Բաքուն ցեղասպանություն են գործել. ԵԽ պատգամավորն առաջարկվել է ստեղծել միջազգային տրիբունալ

Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական ու թուրքական բանակները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են կատարել: Եվ ներկայացնում է ապացույցներ: Հայաստանի նկատմամբ ձևավորվել է յուրօրինակ մահմեդական դաշինք: Ռուսաստանը դադարեցրել է պատերազմը՝ չկռվելով նրա մասնակիցներից և ոչ մեկի հետ:

«Ցեղասպանություն է կատարվել: Ես տեսանյութ եմ տեսել, որը նկարահանել են իրենք՝ ադրբեջանցի զինվորները, որոնք սպանել են խաղաղ բնակիչների, գերիների: Ադրբեջանցիները նաև ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ դա ռազմական հանցագործություն է, քանզի պատերազմ կարելի է վարել միայն հակառակորդի զինված ուժերի նկատմամբ»,- չեխական «Parlamentni listy»-ի թղթակից Զուզանա Կոուլովային տված հարցազրույցում Արցախի և Ադրբեջանի միջև վերջինիս կողմից սանձազերծված պատերազմն այսպես է բնութագրել Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը: Նա նաև շեշտել է, որ այնտեղ կիրառված զենքերի մի մասն արտադրվել է Չեխիայում:

Եվրոպական ժողովուրդների, հատկապես նրանց որոշ ներկայացուցիչների նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ՝ չենք կարող չշեշտել, որ Հին աշխարհամասն ամենևին էլ այն չէ, որը կարող է արժեքներ արտահանել և խոսել քաղաքակրթության մասին: Եվրոպան հեռվից նայում էր Արցախում քաղաքակրթության ու բարբարոսության միջև պատերազմին և որոշեց չմիջամտել: Սա՝ արտաքնապես: Իսկ իրականում գիտենք փաստեր, որ եվրոպական երկրները բարբարոս թևին մատակարարել են զենք և զինամթերք, ապահովել նրա հաղթանակը՝ հանուն նավթադոլարների: Եվրոպան, մեծ հաշվով, ծնկի էր եկել ադրբեջանական նավթի առաջ:

Բայց մտածող երիտասարդությունն իրեն հարց է ուղղելու, թե ինչո՞ւ ապագայում պետք է պատասխան տա այն բոլոր կեղտերի համար, որոնք գործում են այսօրվա քաղաքագետները: Կեղտերը պետք է մաքրվեն, իսկ դա ոչ թե մեզ է պետք, այլ իրենց՝ եվրոպացիներին: Նրանք պետք է որոշեն, թե որն է իրենց առաքելությունն այս աշխարհում, այլապես կվերածվեն արժեքներ ներկրողի, նույնիսկ կարող են դառնալ իսլամա-թուրքական «արժեհամակարգի» կրողներ:

Մենք մեր արժեհամակարգն ունենք, և այն միտված է մարդկային օրենքների հաստատմանը: Մենք գիտենք կառուցել, արարել, սիրել, բայց գիտենք նաև ատել ու կտրել մեր վրա բարձրացված ձեռքը: Եվ այսօր էլ, երբ դժվար է, երբ Արցախում ադրբեջանաթուրքական հորդաները նոր ցեղասպանություն են իրականացնում, երբ «քաղաքակիրթ» աշխարհն իրերը չի կոչում իրենց անուններով, չենք շեղվում մեր ճանապարհից և ազգովի դատապարտում ենք բարբարոսությունը, որը մեծ աստված է նորօրյա «նավթային քաղաքակիրթների» համար:

Բարեբախտաբար, շատերն են հասկանում ստեղծված իրավիճակը նաև Եվրոպայում: Շատերը գիտեն՝ ինչ է կատարվում այս պահին, հասկանում են, որ Թուրքիայի վերջնական նպատակը Եվրոպայի նվաճումն է, նրա մահմեդականացումը: Եվ նրանք պայքարի մեր թևում են, ինչը հույս է ներշնչում, որ այս անգամ պատմությունը չպետք է կրկնվի թուրքական սցենարով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարը, Իվան Դավիդն ասել է. «Ես կարծում եմ, որ դա ստիպողական քայլ էր, երբ ադրբեջանական, ինչպես նաև թուրքական բանակները ցեղասպանություն ու ռազմական հանցագործություններ էին կատարում: Ըստ իմ տեղեկությունների՝ հենց թուրք սպաներն էին կանոնակարգում այդ ամենը: Մարտական գործողություններին մասնակցում էին նաև վարձկաններ և Պակիստանի հատուկ ուժեր: Այսպիսով՝ այնտեղ ձևավորվել էր յուրատեսակ մահմեդական դաշինք՝ ընդդեմ Հայաստանի: Հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղի այն շրջաններից, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, որովհետև վախենում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները կխոշտանգեն իրենց, կսպանեն: Այդ վտանգն իրականում գոյություն ունի, և դրա ապացույցներից մեկը հայ ժողովրդի պատմությունն է: Գերված սիրիացի վարձկանն էլ պատմել է, որ իրենց հրահանգավորել են սպանել քաղաքացիական բոլոր անձանց և ոչ ոքի չխնայել: Բացի այդ, ադրբեջանցիները կասետային ռումբեր են օգտագործել, որոնք արգելված են միջազգային օրենքներով, ինչպես նաև՝ ֆոսֆորային ռումբեր»:

Իվան Դավիդը շեշտել է, որ առաջարկել է ստեղծել միջազգային տրիբունալ Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների համար:

«Տեսնենք, թե դրան ինչպես կվերաբերվի Եվրախորհրդարանը: Ես դա առաջարկել եմ մեր քաղաքական խմբակցությանը՝ ներկայացնելու այն որպես Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծ: Նաև մեր «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության այլ պատգամավորներ են ցանկանում մասնակցել բանաձևի նախապատրաստությանը: Սակայն պարզ չէ՝ արդյոք Եվրախորհրդարանի ղեկավարությունը կթույլատրի՞ այն ներկայացնել ԵՄ խորհրդարանի նիստին: Եվրախորհրդարանը շատ ավելի պակաս ժողովրդավար է, քան ազգային խորհրդարանները:

Քննարկման առաջարկները չեն ընդունվում ընդհանուր խորհրդարանական քվեարկությամբ, երբ նոր օրակարգ կարող է առաջարկել յուրաքանչյուրը, ոչ միայն խորհրդարանի կազմկոմիտեն: Եվրախորհրդարանում քննարկման նոր թեմաները հաստատվում են նախագահների, այսինքն՝ խմբակցությունների նախագահների հանդիպման ժամանակ: Եթե նրանք մերժում են, իսկ դրա համար բավական է երեք խոշոր խմբակցությունների մերժումը, այն չի ներկայացվում Եվրախորհրդարանի քննարկմանը: Եվ մենք նույնիսկ չենք իմանում, թե ով է «սպանում» առաջարկը:

Վերջերս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ներկայացնելու փորձը ձախողվեց: Արդյունքում տեղի ունեցավ միայն քննարկում, որի ընթացքում բոլորը կարող էին ինչ-որ բան ասել, իսկ բառերը ուժ չունեն: Այսպիսով՝ պարզապես մտքերի փոխանակություն կատարվեց»,- ընդգծել է պատգամավորը:

Թուրքական ցեղերը միջնադարում գրավել են հայկական, բյուզանդական ու այլ ժողովուրդների պատկանող տարածքները, իսկ մենք այնտեղ ապրում ենք ավելի քան երկու հազար տարի:

«Ադրբեջանցիները, ինչպես նաև թուրքերը, որպես ժողովուրդ կազմավորվել են միայն 20-րդ դարում: Մենք ունեցանք ազգային վերածնունդ, իսկ նրանք՝ ազգային ծնունդ: Թուրք ժողովուրդներն ու հայերը, քրդերը և այլ «հին ժողովուրդներ» դարեր շարունակ ապրել են կողք կողքի և գրեթե միշտ բախվել իրար հետ: Ինչ վերաբերում է հայերի և ադրբեջանցիների բախումներին, ապա դրանց վերջակետը դրեց միայն Խորհրդային Միության ստեղծումը:

Կարելի է կանգնել հակամարտության մասնակիցներից մեկի կողքին, և հաշվի առնելով, թե ինչպես է իրեն դրսևորում Թուրքիան ոչ միայն հարևանների, այլև եվրոպական այլ երկրների նկատմամբ, հակվում ես դեպի այն կողմը, որը դիմակայում է Թուրքիային: Բացի այդ, Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ուստի մշակութային ավանդույթների տեսանկյունից Հայաստանը մեզ ավելի մոտիկ է: Հայերի համար իրավիճակը բարդացավ նաև այն պատճառով, որ նրանց համար դժվար է դաշնակիցներ գտնել հարևանների մեջ: Դաշնակիցների թվին կարելի է դասել շիական Իրանին: Պարսիկները նույնպես հնագույն ժողովուրդ են, ինչպես հայերը և քրդերը»,- նկատել է Իվան Դավիդը: Նա նաև վստահ է, որ չեխական հանրությունը պետք է հետաքրքրվի այն փաստով, որ Չեխիայի Հանրապետությունն այն քիչ թվով երկրներից մեկն է, որը զենք է մատակարարում Թուրքիային ու Ադրբեջանին: Ըստ նրա՝ խոսքը խոշոր տրամաչափի հրետանու ու զինամթերքի մասին է:

Միջազգային տրիբունալի ստեղծման հավանականությունն ավելի կմեծանա, եթե հայ ժողովուրդը սփյուռքի իր կառույցների միջոցով հզոր ճնշում գործադրի և ապահովի հարցի քննարկումը Եվրախորհրդարանի մակարդակով: Դա հնարավորություն կտա որոշակիորեն ուժեղանալ այն բանակցություններում, որոնք սպասվում են մեզ առաջիկայում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ