Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.

«Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:

Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Վաղը գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ կներկայացնի հայտարարության տեսքով: Պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը:
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաև վերմակն ու ծածկոցը` (047) 94 33 67:

Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի և այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը` (047) 94 36 20»: