Եթե Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ստիպել են գնալ այդ քայլին

Քննիչի յուրաքանչյուր գործողությունն ու հնարավոր անգործությունը խոշորացույցի տակ են հայտնվելու

Եթե ոմանց թվում է, թե հազարավոր զոհերի մեջ ևս մեկը չի նկատվելու կամ, նկատվելով հանդերձ, մարդիկ անտարբեր են լինելու, իրենց կատարած հանցագործությունն անցնելու է գնա, հաշիվ պահանջող չի լինելու և իրենք խույս են տալու պատասխանատվությունից, չարաչար սխալվում են:

Tert.am-ի տեղեկացմամբ, Երևանի Դավթաշենի կամրջի տակ նոյեմբերի 13-ին երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ նոյեմբերի 11-ին իրականացված բողոքի ակցիային:

Դի հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանությունից հայտնել են, որ նման ահազանգ ստացել են. «Նոյեմբերի 13-ին` ժ. 22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց»:

Ոստիկանությունից հայտնել են նաև, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. կատարվում է նախաքննություն:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 11-ին բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն է, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին նստած երիտասարդի՝ Ռաֆայել Հայրապետյանի հետ դրոշով լուսանկարված երիտասարդը: ԶԼՄ-ի տեղեկացմամբ, Գառնիկ Պետրոսյանի հարազատներից ևս զոհվել են այս պատերազմի ընթացքում, այդ պատճառով է նա մասնակցել ընդդեմ կապիտուլյացիայի ակցիային։

Վերոնշյալ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո, բնականաբար, հարց է առաջանում` օպերատիվ-քննչական խումբն այդքան արագ ինչպե՞ս պարզեց, որ կատարվածը եղել է հենց ինքնասպանություն… Այդ արագությունը մի քիչ տարօրինակ չի՞ թվում…

Երկու հաղթանդամ մարդիկ չէի՞ն կարող Գառնիկ Պետրոսյանի ձեռքերը ոլորած, նրան հասցնել կամրջի եզրին, ներքև նետել, դրանից հետո նրանցից կամ այդ բանդայից մեկնումեկը չէ՞ ր կարող զանգել ոստիկանություն և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց… Իհարկե՛ կարող էին և կարող էր… Եվ հետո ի՞նչ է նշանակում` «զանգահարել է անհայտ քաղաքացի…»: Ոստիկանության համար ոստիկանություն զանգահարած անձը կարող է անհա՞յտ լինել… Ո՞ւմ համար է այս լոլոն…

Դե, հասկանալի է, ոստիկանությունից կասեն` պարզել ենք, որ ինքնասպանություն է, դրա համար ենք այդպես հայտնել, գուցե նաև ասեն, թե վկաներ էլ են գտել, նրանց խոսեցրել, ցուցմունքներ վերցրել: Թող այդպես լինի, մանավանդ, որ չեմ պնդում, թե կատարվածը հենց սպանություն է, կարող է և ինքնասպանություն լինել: Բայց պնդում եմ, որ եթե Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ապա հենց այնպես չի գնացել այդ ծայրահեղ քայլին, նրան ստիպել են գնալ:

Ով կամ ովքե՞ր են ստիպել և ինչպե՞ս` քննչական մարմնի և քննիչի պարզելու խնդիրն է, նրանց սրբազան պարտականությունը, թեև կարող եմ կասկածել, որ ստիպել են իշխանամերձ շրջանակներից: Ստիպելու տարբեր ձևեր կան` սպառնում են ինքնասպանություն չգործելու դեպքում վերացնել նրա համար ամենաթանկ մարդկանց և այլն: Ոստիկանությունում և ՀՀ քննչական կոմիտեում այս և մյուս մեթոդների մասին շատ լավ գիտեն, և իրենց չէ, որ բացատրում եմ: Իրենցից պահանջում եմ: Պահանջում եմ բացահայտել հանցագործին կամ հանցագործներին, թույլ չտալ, որ երկրում սկսվի փոխադարձ ինքնադատաստանների շղթայական ռեակցիա:

Ի՞նչն է հիմք տալիս պնդելու, որ Գառնիկ Պետրոսյանին ստիպել են ինքնասպանություն գործել, եթե կատարվածն ինքնասպանություն է:

Նախ, ժամանակային համընկնումը. դեպքը տեղի է ունեցել ոչ թե Գառնիկ Պետրոսյանի` Ազգային ժողով մտնելուց և Արարատ Միրզոյանի աթոռի հարևանությամբ գտնվող աթոռին նստելուց առաջ, այլ դրանից ընդամենը 2 օր հետո:

Երկրորդ. սպանության սպառնալիքները, որոնք ընդդիմադիրների և կապիտուլյացիայի հայտարարությունը քննադատողների հասցեին այս օրերին ոչ միայն սոցիալական ցանցերում են, այլև ՀՀ ՄԻՊ-ի կողմից արձանագրվել են Երևանի Հանրապետության հրապարակում 2020թ. նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան լայն սփռումով ցուցադրված տեսանյութում:

Երրորդ. լրագրողական խմբի կատարած նկարահանումների հիման վրա Hraparak.am-ի «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԻՆՎԱԾ ԳՎԱՐԴԻԱ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» վերտառությամբ զգուշացնող հրապարակումը:

Քննիչը, որը զբաղվում է տվյալ քրեական գործի քննությամբ, թող լավ իմանա հետևյալը` Նիկոլի իշխանությունը հավերժական չէ, հակառակը` նրան շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ դրանից հետո հենց իր գործընկերներն իրենից հաշիվ են պահանջելու իր կատարած քննության համար, իր և փորձագետի կատարած ու չկատարած յուրաքանչյուր գործողություն խոշորացույցի տակ է լինելու: Այնպես որ, խոհեմ կլինի հանցագործությունը բացահայտելու ճանապարհով գնալը, իսկ վերևից ինչ-ինչ սպառնալիքներ ստանալու դեպքում այդ մասին հրապարակայնորեն հայտնելը ԱԱԾ-ին ու հասարակությանը:

Ի դեպ, քննիչի ու քննչական մարմնի ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ տեղեկության վրա, որը միգուցե նպաստի հանցագործության բացահայտմանը:

Արթուր Հովհաննիսյան