Լևոն Արոնյանը կոչ է արել մասնակցել այսօր 18։00-ին Ազատության հրապարակի մոմավառությանը՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների

Հայ առաջատար շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ,

Կարծում եմ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»: 

Սրան հաջորդել է մեկ այլ գրառում, որտեղ անվանի շախմատիստը հորդորել է չքաղաքականցնել նախորդ գրառումը.

«Ի հավելումն նախորդ գրառմանս, ես ուզում եմ նշել, որ ինձ համար քաղաքական դիրքորոշումները ոչ մի կապ չունեն մոմավառության, դրա անցկացման վայրի և կազմակերպիչների հետ: Ես նվիրված եմ իմ ազգին և միշտ շարունակելու եմ լինել՝ անկախ քաղաքական իրադարձություններից: Ես հավատում եմ միայն մեկ ճշմարտության, որ մենք բոլորս ունենք միայն մեկ ազգ ու պիտի համախմբվենք մեկ գաղափարի շուրջ՝ պատվով կերտել մեր ապագան»,-գրել է Արոնյանը։