Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա

Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։

Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որևէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։

Սակայն որքան էլ Ալիևն արհամարանքով և ինքնաբավ հոխորտա, թե «յոխ, ջհանդամ ու գյոռբագյոռ ստատուս», այդ խոսքերի իրական հասցեատերը Արցախի հայերը չեն, այլ այն մարդն, ով դարձավ այս դավաճանության քավորը և պիտի օր առաջ հեռանա։

Ինչպիսին կլինի Արցախի կարգավիճակի հարցը, մեծապես կախված է նրանից, թե ով է ներկայացնելու մեզ բանակցային գործընթացում։ Մարդ, ով 4750 նահատակների արյունը ջուր դարձրեց և գրչի մի հարվածով, ազգից թաքուն, գիշերով զիջեց 10 000 ք կմ, այլևս չի կարող լինել անդամահատված Արցախի և համայն հայության խոսափողը։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը օրերս շատ պարզ ակնարկ արեց, որ Արցախի կարգավիճակի հարցը կախված է լինելու այն հանգամանքից, թե որքան հայ կմնա Արցախում և որքան ադրբեջանցի կվերաբնակեցվի այնտեղ։

Չկասկածեք, որ Ալիևն առնվազն 40 000 մարդ փորձելու է ճխտել Արցախի մնացած տարածքում։

Որպեսզի արցախահայը վերադառնա և շարունակի ապրել ու պայքարել իր հողում հարկավիր է երկու կարևոր հանգամանք՝

ա. վստահություն Արցախի ղեկավարության հանդեպ

բ. վստահություն Հայաստանի ղեկավարության հանդեպ։

Այս վստահությունները բազմաբաղադրիչ են՝ անվտանգայինից մինչև դիվանագիտական, սոցիալականից մինչև բարոյական։ Ակնհայտ է նաև, որ բ. կետը ավելի ճակատագրական է։

Ասածս միանշանակ է. մինչև չփոխվի երկու հայկական պետությունների տաճարները այրած «հերոստրատը», Արցախը և Հայաստանը փրկելու շանսի մասին կարելի է մոռանալ։

Լավատեսներին հիշեցնեմ, որ Արցախի հարցով վերջին 2.5 տարվա մեջ արված իմ կանխատեսումների 90%-ը, ավաղ, դարձել է իրականություն…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից